19 հուլիսի 2008 - 16:07 AMT
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կոչ է անում «ենթատեքստ չորոնել» հայ դիվանագետների հետ շփումներում
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել թուրքական ղեկավարության կողմից Հայաստանի հետ գաղտնի հանդիպումների վերաբերյալ: Ինչպես հաղորդել են դեսպանատան մամլո ծառայությունում, Թուրքիան 1991թ. ճանաչեց Հայաստանը որպես անկախ պետություն: «Այդ շրջանակներում ժամանակ առ ժամանակ շփումներ են լինում երկու կողմերի միջեւ: Այդ թվին են դասվում նաեւ շփումները երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ»: Դեսպանատանը գտնում են, որ հարկավոր չէ «ենթատեքստ որոնել» հայ դիվանագետների հետ շփումներում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նշենք, որ որ հուլիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց տեղեկությունները Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի մայրաքաղաքում: Փաստը հաստատել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Ալի Բաբաջանը: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան` միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:

Ինչպես հայտարարել է Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը ֆուտբոլային խաղին կախված կլինի մինչ այդ հարաբերությունների զարգացումից երկու երկների միջեւ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկն է»,-ասել է նա: