21 հուլիսի 2008 - 14:24 AMT
Իրանը պատրաստ է միջնորդել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին ողջունում է դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին նա հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում` Անկարա կատարած իր այցի ընթացքում: Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Իրանը, որպես տարածաշրջանի հզոր եւ կայուն պետություն կարող է նպաստել երկու բաժանված հարեւանների` Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը: Մոթթակիի եւ Է.Նալբանդյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցվող լուրջ տեղաշարժը գտնվում է օրակարգում: Մ.Մոթթակին հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղության եւ բարեկամության հաստատմանը տարածաշրջանում:

Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին կախված կլինի հարաբերությունների զարգացումից երկու երկրների միջեւ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկն է»: