21 հուլիսի 2008 - 15:14 AMT
Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն «մտահոգված չէ» Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող գաղտնի բանակցություններով
Ադրբեջանը «մտահոգված չէ» սահմանները բացելու շուրջ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող գաղտնի բանակցություններով: «Մեզ համար կարեւորը Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է»,-երկուշաբթի լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: «Եթե Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել էր, որ Թուրքիայի դիրքորոշումը սահմանի բացման վերաբերյալ անփոփոխ է, մենք հուսով ենք, որ Թուրքիայի ձեռնարկած քայլերը կհամապատասխանեն այդ քաղաքականությանը»,-ասել է Իբրահիմը:

Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները հանդիպել են Բեռնում հուլիսի 8-ին: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը հաստատել է այդ տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վերջին երեք ամսում հայ եւ թուրք դիվանագետները բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնցից առաջինը` ընթացիկ տարվա մայիսին:

Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին կախված կլինի հարաբերությունների զարգացումից երկու երկրների միջեւ:

Մինչդեռ, հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորման հնարավորությունը հուզումներ է առաջցրել Բաքվում: Այդպես ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը հայտարարել է, որ «եթե պաշտոնական Բաքուն նախապես չի տեղեկացվել այն մասին, որ կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այսպես կոչված գաղտնի հանդիպումը, ապա Ադրբեջանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի իր գլխավոր դաշնակցի հանդեպ, որն մինչ այժմ Թուրքիան էր համարվում»: Նրա խոսքերով, քաղաքական պատմությունը լի է օրինակներով, թե որքան խախուտ են դաշնակցային հարաբերությունները պետությունների միջեւ ժամանակակից աշխարհում, եւ որքան մեծ է անձնական շահի գործոնը միջազգային ասպարեզում քաղաքական հարաբերություններ կառուցելու գործում: Կարեւոր է հիշել նաեւ, որ քաղաքականության մեջ սանտիմենտները տեղ չունեն, այստեղ իշխում է անձնական շահի սկզբունքը, սթափ հաշվարկը,-նշել է նա: