15 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից

15 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից

PanARMENIAN.Net - 15 տարի առաջ, 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում դաժանաբար սպանվեց ՀՀ ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Նրան քնած ժամանակ գազանաբար կացնահարել է ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ էր տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել է 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները: Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց, թե «Սաֆարովը պետք է օրինակ ծառայի ադրբեջանցի երիտասարդների համար», նաև հիշատակել Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ հայերին պետք է Ղարաբաղում սպանել:

Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության ենթարկեց Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար: ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտեց Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակեց որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»: Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»:

Ավելի ուշ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, որ որոշում է կայացրել մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նրան ազատելու են: Կուսակցական նիստում Օրբանը հայտարարել էև, որ կուսակիցներն ու խորհրդականներն իրեն բազմիցս զգուշացրել են նման քայլի հետ կապված ռիսկերի մասին, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել էր այդ որոշոմը որպես ադրբեջանցիների օգտինժեստ հետագայում Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուների ապահովելու համար: Օրբանը նաև խոստովանել էր, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն կարծում էր, թե Սաֆարովին մի քանի ամիս անց կազատեն «առողջական վիճակի պատճառով»:

Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայը Հայաստան ակցելության ժամանակ ասաց. «Որքան ես գիտեմ, դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար: Իմ և Հունգարիայի անունից ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար»:

Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---