21 հուլիսի 2008 - 16:06 AMT
Մանուչեհր Մոթթակին հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին Իրան
Հայաստանի արտգործնախարարի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին մասնակցել Չմիացած երկրների խորհրդաժողովին, որ կայանալու է Թեհրանում հուլիսի վերջին, ինչպես նաեւ հաստատել է ավելի վաղ Է. Նալբանդյնին հղած հրավերը` ընթացիկ տարվա սեպտեմբերին այցելել Իրան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, նույն հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին ողջունեց դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքերով, Իրանը, որպես տարածաշրջանի հզոր եւ կայուն պետություն կարող է նպաստել երկու բաժանված հարեւանների` Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը: Մոթթակիի եւ Է.Նալբանդյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցվող լուրջ տեղաշարժը գտնվում է օրակարգում: Մ.Մոթթակին հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղության եւ բարեկամության հաստատմանը տարածաշրջանում: