Զեյնալյան. ՔԿՀ-ներում 10 դատապարտյալ հացադուլ է անում

Զեյնալյան. ՔԿՀ-ներում 10 դատապարտյալ հացադուլ է անում

PanARMENIAN.Net - Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլ է անում 10 դատապարտյալ։ Այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ հացադուլ անող դատապարտյալներից 2-ը «Արմավիր» ՔԿՀ-ում են գտնվում, մեկը՝«Արթիկ» ՔԿՀ-ում, մեկը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում և 6-ը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հայտնում է Araratnews-ը։

Զեյնալյանն անդրադարձել է նաև համաներմանը՝ նշելով, որ մինչև հիմա իրականացված բոլոր համաներումների նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումն է եղել։ «Սակայն այդպիսի խնդիր չի եղել այժմ, և այս համաներումը իրականում հետապնդել է այն նպատակը, ինչ արձանագրված է այդ համաներման նախաբանում»,- ասել է Զեյնալյանը։

Նախարարը խոսել է հին ՔԿՀ-ները նորերով փոխարինելու մասին՝ նշելով, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է նաև այդ հարցը․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարինման հարցը ևս մեր օրակարգում է, որոշում կա նաև «Կենտրոն» ՔԿՀ-ն փոխելու և տեղափոխելու վերաբերյալ»։

Ավելի վաղ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը մահացել է երկարատև հացադուլից հետո:Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---