Պեսկով. ՀԱՊԿ-ում օպերատիվ կառավարման պակաս չկա

Պեսկով. ՀԱՊԿ-ում օպերատիվ կառավարման պակաս չկա

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) օպերատիվ կառավարման պակաս չկա, չնայած գլխավոր քարտուղարի նշանակման հարցում առկա տարաձայնություններին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ Կրեմլում, ոչ ՀԱՊԿ անդամների թվում ոչ մի ֆրուստրացիա չկա, ՀԱՊԿ-ում ղեկավարման վակուում ևս չկա»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԲԿ-ն:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ գործում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:

«Կան որոշ տարաձայնություններ ՀԱՊԿ անդամ երկրների միջև, որոնք այժմ կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-հավելել է Պեսկովը՝ նշելով, որ օպերատիվ կառավարման դեֆիցիտ ևս չկա:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ:ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է: Ավելի վաղ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հույս էր հայտնել, որ Փաշինյանը մոտ ժամանակներս կընդունի Զասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---