22 հուլիսի 2008 - 16:11 AMT
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է անցել Կիպրոսի բռնազավթման 34-րդ տարեդարձի կապակցությամբ
Հուլիսի 20-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է անցել Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման եւ կղզու հյուսիսային հատվածի բռնազավթման 34-րդ տարեդարձի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Cyprus Action Network of America կազմակերպությունում (CANA):

«Թուրքիայի ջանքերը Կիպրոսի բռնազավթման փաստը հերքելու ուղղությամբ լրացվում են մշակութային եւ կրոնական հուշարձանների պարբերաբար իրականացվող ոչնչացմամբ, քաղաքների եւ այլ աշխարհագրական վայրերի վերանվանմամբ: Թուրքական կառավարությունը հանդիսանում է Կիպրոսի բնակչության դեմ իրականացված հանցագործությունների մեղավորն ու հանցակիցը»,- ցույցի ժամանակ հայտարարել է CANA-ի ղեկավար Նիկոլաոս Տաներիսը: Նա նշել է, որ ցույցի մասնակիցները կպայքարեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել Կիպրոսի բռնազավթման փաստը եւ չի լքել կղզու օկուպացված տարածքները:

Ինչպես հաղորդում է CANA-ն, ողջ միջոցառման ընթացքում ցույցի մասնակիցներին փորձում էին սադրել դեսպանատան մոտ հավաքված թուրք ցուցարարները, ինչպես նաեւ Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA) նախագահ Գունայ Էվինչն ու դեսպանատան աշխատակիցները:

1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զինված ուժերը ներխուժել են Կիպրոս, ինչից հետո բռնազավթել են կղզու մեկ երրորդը, որտեղ հռչակել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Ամեն տարի այդ օրը կիպրոսցիները ցույցեր են անցկացնում աշխարհի տարբեր քաղաքներում, արտահայտելով իրենց բողոքը: