23 հուլիսի 2008 - 14:38 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Այսօր Թուրքիայում շատ են հետաքրքրվում Համշենի եւ համշենահայերի խնդիրներով
«Համշենի շաբաթվա» շրջանակներում այսօր Երեւանում բացվել է «Համշենն ու համշենահայերը. Պատմություն եւ մշակույթ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է խթանել հետազոտությունների անցկացումը Համշենի եւ համշենահայերի մասին, հասարակական եւ գիտական շրջանակներում իրազեկության բարձրացումը եւ համշենահայերի հետ կապի հաստատումը:

«Վերջին տարիներին հետաքրքրությունը Համշենի եւ համշենահայերի խնդրի հանդեպ աճել է: Ես հուսով եմ, որ այդ գիտաժողովը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ մեր ազգի առանձնահատկությունները, նրա դրսեւորումները տարբեր աշխարհագրական եւ հոգեւոր միջավայրերում»,-հայտարարելմէ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիայում շատ են հետաքրքրվում Համշենի եւ համշենահայերի խնդիրներով: «Անշուշտ, մենք համաձայն չենք նրանց ներկայացրած որոշ տեսակետներին Համշենի եւ համշենահայերի հարցում, քանի որ դեռեւս 30-ական թվականներից թուրք պատմաբանները տեսություն են առաջ քաշել, ըստ որի համշենահայերը դասվում են թուրքական ցեղերի թվին»,-նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել են ինչպես հայ, այնպես էլ թուրք փորձագետներ, որոնք ուսումնասիրում են համշենահայերի պատմությունն ու մշակույթը: Միջոցառումների կազմակերպիչները հուսով են, որ այս գիտաժողովը սկիզբ կդնի հայ եւ թուրք պատմաբանների համագործակցությանը` այս խնդիրն ուսումնասիրելու նպատակով: