Գեորգի Պետրոսյան.Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապացուցել է գոյատեւելու իր իրավունքը

PanARMENIAN.Net - Իր գոյության տարիներին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը դարձել է պետական շինարարության եւ հասարակության զարգացման ժողովրդավարական հիմքերի ամրապնդման կարեւոր օղակներից մեկը»,-ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրը նրա փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելն է, ինչի համար առկա են անհրաժեշտ քաղաքական եւ պատմա-իրավական հիմքերը:



Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացրել է ինքնորոշման իր իրավունքը: Ներկայիս շատ անկախ պետություններ ստեղծվել են երբեմնի տերությունների փլուզումից հետո: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ի. Ստալինի ճնշման տակ Ռուսաստանի կուսակցական մարմնի անօրեն որոշումով Լեռնային Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին, որը ԽՍՀՄ մի մասն էր: ԼՂՀ անկախության հռչակումը կատարվել է միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան: Ղարաբաղի անկախ պետականության վերականգնման գործընթացի սկիզբը դրվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին, երբ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց ԼՂՀ ստեղծումը: 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ նորընտիր խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի ընդունումը դարձավ Ղարաբաղի պետականության վերականգնման եզրափակիչ գործողությունը:



Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անց են կացվել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք անկախ դիտորդների գնահատմամբ, լիովին համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: Մենք քաղաքացիական հասարակության զարգացման ականատեսներն ենք: Չի եղել մի դեպք, երբ ժողովուրդը կամավոր հրաժարվի իր անկախությունից, որի տերն է ավելի քան 20 տարի: Արդեն աճել է մի սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ երաշխավորը: Մենք այսօր խոսում ենք այն անշրջելի փոփոխությյունների մասին, որոնք կատարվել են մեր ժողովրդի գիտակցության մեջ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---