
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության նյութերի հիման վրա Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ուկռինվեստ» ընկերության նկատմամբ:
Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ոստիկանությունը 2017-ի փետրվարին 1.6 մլրդ դրամի երեք պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող «Ուկռինվեստ» ընկերության հետ՝ ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման ու լուսազդանշանների պահպանման ծառայության համար։
Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։
Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
«Ուկռինվենստ» ՍՊԸ-ն 2017-ին ոստիկանության հետ 1․6 մլրդ դրամի աշխատանքների իրականացման պայմանագիր էր կնքել։ Ըստ CivilNet-ի, ընկերությունը փոխկապված է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամնրի հետ։ Այն հաղթել է մրցույթը մեկ այլ «Էս Թի Սերվիս» շինկազմակերպության հետ կոնսորցիումով մասնակցելով։ Նշված ընկերության հիմնադիրն, իր հերթին, կապվում է Միհրան Պողոսյանի քեռի Միխայիլ Հարությունյանի «Միկշին» ընկերությունում, ավելին՝ նույն անձը տարբեր ժամանակներում աշխատել է 2 ընկերություններում որպես տնօրեն։