24 հուլիսի 2008 - 14:49 AMT
Աբդուլլահ Գյուլը դեռեւս չի որոշել, կայցելի Երեւան թե ոչ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է բարիդրացիական հարաբերությունների եւ կայունության հաստատում տարածաշրջանում, սակայն գտնում է, որ Հայաստանը, եթե ցանկանում է մասնակցել տարածաշրջանային նախագծերին, պետք է հարգի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Ինչպես գրում է թուրքական Today,s Zaman թերթը, Գյուլը հայտարարել է այդ մասին Հայաստանը շրջանցող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու թուրքական հատվածի շինարարության հիմնարկեքի արարողության ժամանակ: «Ես դեռեւս որոշում չեմ կայացրել Երեւան մեկնելու վերաբերյալ` Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային խաղին»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, որ տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին:
Նախօրեին Աբդուլլահ Գյուլը ժամանել է Կարս: Այցի ընթացքում նա պատրաստվում է այցելել հայկական սահմանի մոտ գտնվող Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անի:
Թուրքիայի նախագահի հետ երկաթուղու շինարարության մեկնարկին մասնակցել են Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխաիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը: Կարս-Բաքու ճանապարհը կկապի տարածաշրջանի երեք երկրները միասնական տրանսպորտային ցանցով, որը կանցնի պատմական Մետաքսի ճանապարհով եւ Թուրքիայի տարածքով կկապի Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ: Նախագծի արժեքն է 450 մլն դոլար: Այդ նախագծին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, համարելով, որ տարածաշրջանային նախագծերին պետք է մասնակցեն Հարավային Կովկասի բոլոր երկրները:
Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հայաստանը հանդես է գալիս հարաբերությունների կարգավորման օգտին առանց նախապայմանների, այն դեպքում, երբ Թուրքիան պահանջում է ճանաչել սահմաններն ըստ Մոսկովյան պայմանագրի, «դուրս բերել հայկական զորքերը» Լեռնային Ղարաբաղից եւ չպահանջել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում: