Պապիկյան. Մարզպետարանների աշխատակազմի մինչև 30%-ը կկրճատվի

Պապիկյան. Մարզպետարանների աշխատակազմի մինչև 30%-ը կկրճատվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, որի համաձայն մարզպետարաններում աշխատակազմի կրճատումներ կլինեն: Այդ մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Փաթեթը պատրաստ է, պետք է նրկայացվի քննարկման: Խոսքը յուրաքանչյուր մարզպետարանում աշխատակազմերի մինչև 30 % կրճատման մասին է», - հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Օրինակ` Արագածոտնի մարզում 28%-ով կլինեն կրճատումներ, այսինքն`121 աշխատակցից կրճատումների պատճառով կմնա 87-ը: Այժմ ամենամեծ աշխատակազմն ունի Գեղարքունիքի մարզպետարանը`186 աշխատողով: Նախատեսվում է, որ բոլոր մարզպետարաններում կլինի մեկ տեղակալ`1 օգնականով: Իսկ մարզպետը կունենա 2 օգնական: Մինչ այժմ մարզպետներն ունեցել են երեք տեղակալ:

«Սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետև մենք ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել ենք, որ աշխատակիցների 40 %-ը, ըստ էության, աշխատանք չի կատարում, չեմ ասում`ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն, դա կարող է անել մեկ այլ աշխատող: Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, մենք չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ:

Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, ովքեր ոլորտին տիրապետում են և ոչ թե նրանք, ովքեր ունեցել են խնամի, ծանոթ բարեկամ ու հարմար տեղավորվել են այդ գործին», - հայտարարել է Պապիկյանը:

Դիտարկմանը, թե նոր իշխանություններն էլ պատրաստվում են իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին բերել իրենց հետ, Պապիկյանն արձագանքել է` հորդորելով ներկայացնել փաստեր: «Չկա նման բան», - ասել է Պապիկյանը:

Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---