Տոնոյան. Առանց ՀՀ համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվի

Տոնոյան. Առանց ՀՀ համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվի

PanARMENIAN.Net - Առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի կարող նշանակվել: Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ բացառում է նման հնարավորությունը:

Լրագրողների դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ»,-հայտնում է Aysor.am-ը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չէ մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Նա նշել է, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ:ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Փետրվարի 7-ին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին:Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---