Մուկուչյան. 2012-ից հետո ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել

Մուկուչյան. 2012-ից հետո ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չեն լինում: Այդ մասին Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։

«Ընտրությունների արդյունքները նյութականացվում են ընտրողների քվեների միջոցով՝ քվեարկությունից հետո», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ 2012-ից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում, հայտնում է Aysor.am-ը:

Սարգիս Խանդանյանը ԿԸՀ նախագահին հարցն ուղղելիս հայտարարել է, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, նախորդ բոլոր ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով ու Սահմանադրության լուրջ խախտումներով։

«Դուք 2011-ից զբաղեցրել եք ԿԸՀ նախագահի պաշտոնը և զբաղվել եք ընտրությունների կազմակերպման գործընթացով։ Ինձ հետաքրքրում է՝ տեխնիկապես ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյուքնները նախապես հայտնի են և ուղեկցվում են խախտումներով, թե ավելի բարդ էր կազմակերպել վերջին ընտրությունները, որի արդյունքները չվիճարկվեցին», - հարցը հնչեցրել է Խանդանյանը։

Մուկուչյանը նկատել է, որ ընտրական գործընթացի կազմակերպման հարցում բոլոր մարմինները՝ ընտրական, տարածքային, տեղամասային հանձնաժողովներն ու այլ պետական մարմիններ, աշխատում են միասին համակարգված։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգրքի պահանջները։

Այդուհանդերձ, պատգամավորը հստակեցրել է հարցը. «Դուք իսկապե՞ս պնդում եք, որ մինչև 2017-ը տեղի ունեցած բոլոր ընտրությունները արտահայտել են ՀՀ քաղաքացիների կամքը ընտրությունների միջոցով»։

«Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ երբ քվեատուփերից դուրս են գալիս քվեաթերթիկները ու իրականացվում է քվեարկության արդյունքների ամփոփում, ըստ էության, արձանագրության թվերը հենց այդ քվեաթերթիկներով տված քվեներն են, որոնք գտնվում էին քվեատուփերում։ Այդ գործընթացը եղել է թափանցիկ, այդ ամբողջ պրոցեսին հետևել են թե վստահված անձինք, թե դիտորդներ, թե լրատվամիջոցներ։ Այսինքն՝ գոնե 2012 թվից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ, հնարավո՞ր է, որ ընտրողի կամքի վրա ներգործության դեպքեր տեղի ունեցած լինեն, իհարկե, հնարավոր են»,- հավելել է Տիգրան Մուկուչյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---