ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից

ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ, որի համաձայն Հայկական կողմի, ներառյալ՝ ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

«Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից», - նշում է ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն:

«Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման», - ասվում է Նաղդալյան մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ:

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»,- նշում է Նաղդալյանն իր մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ. նրանք նշել են, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ներառի տարածքների հանձնումը։ Համանախագահները կոչ են արել նաև ձեռնպահ մնալ «կրքեր բորբորքող հայտարարություններից»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---