Լայչակ. Բանակցություններում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլորի համար

Լայչակ. Բանակցություններում որևէ  փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլորի համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Մենք Բավարար ժամանակ ենք հատկացնելու այս խնդիրների քննարկման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունների շարունակության վերաբերյալ համապատասխան ձևաչափում», - ասել է Լայչակը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Լայչակի հետ հանդիպամանն ինքը վերահաստատել է, որ Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ։

«Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը», - ասել է Մնացականյանը։

Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող սկզբունքներին՝ ասելով, որ դրանք պարզաբանման կարիք ունեն:

«Իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքը և 6 տարրը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը», - ասել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և մնալու է քննարկումների կարևորագույն կետերից»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---