29 հուլիսի 2008 - 19:18 AMT
Սերժ Սարգսյանը Ղրիմում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ
Ղրիմում կայացել է Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, առանձնազրույցի ժամանակ շոշափվել է հայ-ուկրաինական հարաբերությունների լայն շրջանակ: Զրուցակիցները նշել են առեւտրա-տնտեսական համագործակցության եւ ապրանքաշրջանառության զարգացման դրական դինամիկան, որը 2007 թվականին կազմել է $262,86 մլն.: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Կերչ-Փոթի-Բաթում նախագծի իրականացման հարցը:

Հանդիպման ընթացքում նաեւ խոսվել է Կիեւ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը կազմակերպելու մասին, որը կարող է կայանալ տնտեսական համագործակցության հարցով հայ-ուկրաինական միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստից հետո:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղրիմում ոչ պաշտոնական այցով եւ մասնակցել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու 650-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին: