Թաղապետը գովում է Ալեքսանյանին․ Ինքնակամ ապամոնտաժել է իր սրճարանը

Թաղապետը գովում է Ալեքսանյանին․ Ինքնակամ ապամոնտաժել է իր սրճարանը

PanARMENIAN.Net - Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող սրճարանի ղեկավարությունն ինքնակամ ապամոնտաժել է սրճարանի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքի մասը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը:

Նա նաև հայտնել է, որ տարածքում գործող սրճարաններից որոշները տարիներ շարունակ գործունեության թույլտվություն անգամ չեն ունեցել:

«Սա անհարգալից վերաբերմունք է Երևանի և երևանցիների նկատմամբ», - նկատել է նա:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։

Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։

Այս պահին Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանների աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են Ազատության հրապարակին հարող սրճարանների ապամոնտաժման աշխատաքները: Սրճարանի ապամոնտաժման դեմ արտահայտվող սրճարանատերերի հետ քաղաքապետարանում քննարկում կլինի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---