ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփեն առանձին զեկույցով։ Այդ մասին ասվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպմանը փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։

Անդրադարձ է կատարվել նաև 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության բաժիններում կատարված շուրջօրյա աշխատանքի, անհանդուրժողականության և ատելության խոսքի բացառման հետ:

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը և հետագայում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---