ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մարի Յովանովիչը ոչ մի դեպքում կասկածի տակ չի առել 1915 թվականի իրադարձությունների փաստը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Պետդեպարտամենտը ճանաչում է այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը կատարել հայերի զանգվածային սպանություններ, էթնիկ զտումներ եւ 1,5 մլն հայերի է բռնագաղթել: Մենք իրոք կարծում ենք, որ Օսմանյան Թուրքիայի պաշտոնատար անձիք պատասխանատու են այդ հանցագործությունների համար»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Ռեյնոլդսի նամակում, որը նա հղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջո Բիդենին` ի պատասխան այն հարցերի, որ տրվել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի նշանակման կապակցությամբ:



Պետքարտուղարի օգնականը նշել է նաեւ, որ Մարի Յովանովիչը Սենատում լսումների ժամանակ տեղեկացրել է «International Visitors Program» ծրագրի իրականացման մասին, որի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արխիվների մասնագետները կժամանեն ԱՄՆ` մասնագիտական վարժանքներին մասնակցելու նպատակով: «Մեր նպատակն է օգնել արխիվների աշխատակիցներին պահպանել պատմական ապացույցները, որպեսզի ապագա սերունդները տեղեկություններ ունենան 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրագործած հայերի զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի մասին»,-հայտարարել է Մ.Ռեյնոլդսը: Նա նաեւ նշել է, որ Պետդեպարտամենտի նպատակը ոչ թե բանավեճի կազմակերպում է նրա շուրջ, թե գործել է Օսմանյան Թուրքիայի կառավարությունն այդ հանցանքները թե ոչ, այլ աջակցությունը փաստաթղթերի պահպանմանը, որոնք 1915թ. իրադարձությունների ապացույցն են հանդիսանում:



«Իր հայտարարություններում Մարի Յովանովիչը փորձել է իր անկեղծ ցավակցությունը հայտնել Հայաստանի ժողովրդին եւ չի դրել այդ պատմական փաստը կասկածի տակ»,-եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---