
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Խմբակցությունը կառավարությանը հետևյալ հարցերն է ուղղել.
- ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
- որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները
- ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
- ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
- և վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին:
Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ ընդլայնված նիստում։
Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Խոսվում է մոտ 10,000 մարդ կրճատելու մասին: Մարզպետարաններում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել: