ՄԻՊ-ն այցելել է սահմանախախտ ադրբեջանցուն

ՄԻՊ-ն այցելել է սահմանախախտ ադրբեջանցուն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, որը դեռ հիվանդանոցում է։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր:

Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ: Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է. Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները:

Հայաստանի Օմբուդսմանի առանձնազրույցը Էլվին Իբրահիմովի հետ տեղի է ունեցել ադրբեջաներենի թարգմանչի մասնակցությամբ, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է ներկայացրել իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու և թարգմանչի միջոցով հաղորդակցվելու, իրավաբանական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի հետ կապ հաստատելու իրավունքները և այլն:

Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը այդ հարցում։

Արման Թաթոյանը հարցը քննարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ հաշվի առնելով ընտանիքի հետ կապի կարևորությունը: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցներով:

Ավելին, Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես անկախ պաշտոնատար անձ, պատրաստ է իր լիազորությունների սահմաններում աջակցելու Է. Իբրահիմովի ընտանիքի հետ նրա կապի, այդ թվում՝ հանդիպման կազմակերպմանը:

Մարդու իրավունքների պաշտպանի այցին ներգրավվել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Ուսումնասիրվել են Իբրահիմովի առողջական վիճակն ու նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, հիվանդանոց է ընդունվել աջ ստորին վերջույթի սրունքի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով: Հիվանդանոցային պայմաններում իրականացվել է նրա ստորին վերջույթի վրա առկա վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային օստիոսինթեզ:

Այցի ընթացքում արձանագրվել է որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն` բուժման արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:

Առանձնազրույցի ավարտին Պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է տրամադրել Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Այցի ավարտից հետո Հայաստանի Օմբուդսմանը խոսել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Նրան է ներկայացրել տեղեկությունները Էլվին Իբրահիմովի առողջական վիճակի, ինչպես նաև ընտանիքի հետ նրա կապի ապահովման պատրաստակամության մասին:

Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---