Քաշաթաղում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի

Քաշաթաղում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախօրեին Լիբաբանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի կառավարության անունից երկու համաձայնագիր է ստորագրել «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ներդրումային հիմնադրամի հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) 10 և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս) 15 տներ կառուցելու մասին։

Համաձայնագրերի ստորագրումից հետո ունեցած ելույթում պետնախարար Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ վերահաստատելով, որ Արցախի Հանրապետության համար մեծ նշանակություն ունեն սփյուռքի կողմից նախաձեռնված և իրագործվող ծրագրերը, որոնք խարսխված են տևական գործակցության և երկարաժամկետ փոխշահավետության հիմքերի վրա։

Անդրադառնալով ստորագրված համաձայնագրերի առարկային՝ պետնախարարը հիշատակել է, որ սրանով Աղավնոյում ազդարարվում է «ԱՐԻ»-ի հետ համատեղ բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը, իսկ Շահումյան-Քարվաճառում մեկնարկն է տրվում «ԱՐԻ»-ի մուտքին։ Խոսելով Աղավնոյում բնակարանաշինության ծրագրի առաջին փուլի մասին, որի ժամանակ կառուցվել էր 50 տուն՝ Մարտիրոսյանը խիստ կարևորել է Արցախում վերաբնակեցման գործընթացը և այդ նպատակով վերաբնակեցման շրջաններում պատերազմի հետևանքով քայքայված բնակֆոնդի վերականգնման աշխատանքները, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիը:

Մարտիրոսյանը շեշտել է, որ Արցախի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների լիակատար պահպանումը, ֆինանսա-տնտեսական զարգացման պայմանների ապահովումը, անկախ հակամարտության շարունակության պարագայից, պետության համար հանդիսանում են կարևոր առաջնահերթություն ու գործառնական կողմնորոշիչ։

«ԱՐԻ»-ի վարչության անդամ Վահան Գասարչյանն իր խոսքում հավաստել է, որ հիմնադրամի արցախյան ներդրումները ծառայում են փոխշահավետ նպատակի, նամանավանդ որ իրենց գործունեության նպատակն ի սկզբանե միայն բաժնետերերին շահույթ ապահովելը չէ, այլ նաև Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների հզորացման շուրջ ջանադրությունը, բնակչության ու վերջինիս կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ավելացումը:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---