Գազայից արձակված հրթիռը տուն է խոցել Թել Ավիվի մոտ. Կան տուժածներ

Գազայից արձակված հրթիռը տուն է խոցել Թել Ավիվի մոտ. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Գազայի հատվածից արձակված հրթիռը տուն է խոցել Իսրայելի կենտրոնական մասում: Մարտի 26-ի վաղ առավոտյան հրթիռակոծությունից 7 մարդ է տուժել Միշմերետ բնակավայրում, որը գտնվում է Թել Ավիվից դեպի հյուսիս:

Մասնավորապես, միջին ծանրության վնասվածքներ է ստացել մի 50-ամյա կին: Մյուսները, այդ թվում մանկահասակ երեխան, թեթև վնասվածքներ են ստացել: Բացի այդ, մի քան մարդ շոկային վիճակում բժիշկների հսկողության տակ է: Իսրայելի բանակը հաստատել է, որ հրթիռն արձակվել է Գազայի հատվածից, հայտնում է Deutsche Welle-ն:

Մինչև հրթիռի խոցումը, Շարոն շրջանում գործել էին օդային տագնապի ազդանշանները և շատերը հասցրել էին թաքնվել ապաստարաններում: Հրթիռակոծված տունը բռնկվել է:

Միշմերետ գյուղական բնակավայրը Գազայից ավելի քան 80 կմ հեռավորության վրա է:

Պաղեստինի այս ավիահարձակումն իրականացվում է Իսրայելում խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ առաջ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մարտի 25-ին հանդիպում ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հրթիռակոծությունից հետո Նեթանյահուն որոշել է կրճատել այցի ծրագիրը:

Մարտի 14-ին Գազայի կողմից 2 հրթիռ է արձակվել Թել Ավիվի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ (ՑԱԽԱԼ): Նշվել է, որ սա առաջին գրոհն է Թել Ավիվի դեմ 2014-ից ի վեր: Ոչ ոք չի տուժել, ավերծություններ ևս չկան՝ հրթիռներից մեկն ընկել է ամայի վայրում, մյուսը՝ ծովը: Մարտի 14-ի գրոհը սաստկացրել է լարվածությունն Իսրայելում, որտեղ ապրիլի 9-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, մասնակցելու է նաև գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Նա գլխավորում է Իսրայելի կառավարությունը 2009-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---