6 օգոստոսի 2008 - 18:20 AMT
ՌՀՄ. Հայաստանի եւ Թուրքիայի իրական հարաբերությունները կային եւ մնացել են շատ վատ
Հայաստանի եւ Թուրքիայի իրական հարաբերությունները կային եւ մնացել են շատ վատ, ինչի մասին վկայում են փակ սահմանները եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հարեւան պետությունների միջեւ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նրա կարծիքով, նախագահների հայտարարությունները հարաբերությունների բարելավման մասին, դեկլարատիվ բնույթ են կրում եւ չեն կարող հիմք ծառայել զգուշավոր լավատեսության համար, քանի որ որեւէ առաջխաղացում կոնկրետ խնդիրների հարցում դիրքորոշումների փոփոխության ուղղությամբ չկա:

«Որքանով ինձ հայտնի է, պաշտոնական Հայաստանը միշտ եւ բոլոր կառավարությունների օրոք հայտարարել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին առանց որեւէ նախապայմանի: Իսկ Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Ղարաբաղի հայերի պայքարին աջակցելուց եւ դադարեցնել Ցեղասպանության ճանաչման արշավը: Այդպիսով, եթե հնարավոր է առաջխաղացում դիրքորոշման փոփոխության մեջ, դա հնարավոր է միայն Թուրքիայի կողմից: Սակայն դեռեւս նման փոփոխություններ մենք չենք նկատում: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա ես պետք է ասեմ, որ դրա հիմնական, եթե չասենք միակ շաչժիչ ուժը, հայ ժողովուրդն է, որը ցրված է ողջ աշխարհով մեկ, ինչպես նաեւ բարի կամքի մարդիկ, ում հայտնի է դառնում այս սարսափազդու փաստը: Այդ գործընթացը կար նաեւ ԽՍՀՄ ժամանակ, երբ աայդ թեման արգելված էր, իսկ Հայաստանի կառավարությունը ոչ թե ազդեցություն, անգամ նորմալ կապ չուներ սփյուռքի հետ: Այդուհանդերձ, արդեն 20 երկիր, որոնց թվում նաեւ Թուրքիայի դաշնակից պետությունները ՆԱՏՕ-ով, պետականորեն դատապարտել են Թուրքիայի կատարած հանցագործությունը: Վստահ եմ, որ աշխարհում չկա մի երկիր, որը կարողանար կանգնեցնել արդարության հաղթանակը, անգամ տարիներ անց: Կարծում եմ, որ մինչեւ թուրքական իշխանությունները կատարածում մեղանչելու խիզախություն չունենան, իրական բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինի»,- ընդգծել է Խալաթյանը:

ՌՀՄ փոխնախագահը նաեւ նշել է Ադրբեջանին ակտիվորեն աջակցելու Թուրքիայի ցանկությունը, որը գրեթե ամեն օր պետական մակարդակով սպառնում է Հայաստանին պատերազմ սկսել: «Չնայած, որ Թուրքիան Ղարաբաղի հետ որեւէ կապ չունի, պահանջներ է ներկայացնում այդ հարցով: Դա խաղաղ մտադրությունների վկայություն չէ: Բնականաբար, Հայաստանի ժողովուրդը այդ ամենը տեսնում է եւ գնահատում է ինչպես որ պետքն է»,- ասել է նա, հաղորդում է քրդական «Ֆրատ» (ANF) գործակալությունը: