8 օգոստոսի 2008 - 15:01 AMT
Ռուսաստանի ԱԳՆ.Վրաստանի ղեկավարությունը պետք է խելքի գա
«Օգոստոսի լույս 8-ի գիշերը, հարավօսական հակամարտության նոր բռնկման կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու մասին պայմանավորվածությունից տառացիորեն ժամեր անց, վրաց զինվորական ստորաբաժանումները դավադիր, զանգվածային հարձակում սկսեցին Ցխինվալի վրա: Ուժային սցենարը գործի է դրել Վրաստանի ղեկավարությունը, չնայած այն բոլոր դիվանագիտական ճիգերին, որ գործադրվեցին Մոսկվայի, Թբիլիսիի, Ցխինվալի, Վաշինգտոնի եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ շփումներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, արդյունքում լիովին խարխլվել էվստահությունը Վրաստանի ղեկավարության հանդեպ, որպես բանակցային գործընթացի պատասխանատու մասնակցի եւ ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխանող միջազգային շփման մասնակցի հանդեպ: Հասկանալի է, թե ինչու էր երկար ժամանակ Թբիլիսին տարբեր պատրվակներով խուսափում Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ ուժ չկիրառելու մասին իրավաբանորեն պարտավորցենող համաձայնագրերի կնքումից:

«Դեռեւս ուշ չէ կանխել զանգվածային արյունահեղությունն ու նոր զոհերը, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մենք նաեւ մտահոգ ենք ռուս խաղաղապահների ճակատագրով:

Վրաստանի ղեկավարությունը պետք է ուշքի գա եւ վերադառնա բարդ հարցերի լուծման քաղաքակիրթ միջոցների: Մենք նաեւ հուսով ենք, որ մեր արտերկրյա գործընկերները եւ միջազգային հանրությունը անմասն չեն մնա այս ծանր պահին, երբ որոշվում են հազարավոր մարդկանց ճակատագրեր: Պետք է համատեղ կերպով դադարեցնել բռնությունը, ինչը հղի է լուրջ հետեւանքներով տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար:

ՌԴ-ն կշարունակի ջանքեր գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու եւ Հարավային Օսեթիային խաղաղ հունի մեջ վերադարձնելու համար »,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: