8 օգոստոսի 2008 - 15:20 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքում է տեղեկատվությունը Վրաստանի տարածք ռուսական ինքնաթիռների ներխուժման մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է անվանել Վրաստանի տարածք ռուսական ինքնաթիռների ներխուժման մասին հաղորդումները: «Հաղորդումները, թե ռուսական ավիցան ներխուժել է Վրաստանի տարածք կամ հակամարտության գոտի, ապատեղեկատվություն է հանդիսանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Պոպովը: Նա հավելել է, որ «եթե հակամարտության սրումը շարունակվի, ապա դա կլինի միայն վրացական կողմի մեղքով», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ վրաց ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, օգոստոսի 8-ին մոտավորապես ժամը 11:00-ին չորս ինքնաթիռներ, որ եկել են Ռուսաստանի կողմից, ռումբեր են գցել Գորի քաղաքի վրա: Այդ մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստատեսության տվյալների, ինքնաթիռներից մեկը արդեն իսկ խբվել է վրացական զորքերի կողմից:

Բացի այդ, Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն նաեւ երեք մարտական ինքնաթիռներ ուրբաթ առավոտյան Ռուսաստանի կողմից մտել են Արեւելյան Վրաստանի տարածք: «Երեք ռազմական ինքնաթիռներ, ինչպես ենթադրվում է Սու-24 մարտական ռմբակոծիչներ, ներխուժել են Վրաստանի տարածք Ռուսաստանի կողմից: Նրանցից մեկը սկսել է ռմբակոծել ոստիկանության շենքը Կարելի (Արեւելյան Վրաստան) շրջկենտրոնում եւ նրան հարող տարածքները»,-հաղորդում է ՆԳՆ-ն: Ռմբակոծման արդյունքում երկու ռումբ է գցվել: Ավիրածությունների եւ զոհերի մասին տվյալներ Վրաստանի ՆԳՆ կայքում չկան: