Էրեբունի թանգարանը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա

Էրեբունի թանգարանը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա

PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Օրերս կողմերի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

«Երևանի քաղաքապետարանն այսօր հետևողական քայլեր է ձեռնարկում մշակութային կառույցների նորացման ու նորովի ներկայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բնականաբար, քաղաքային բյուջեն բավարար չէ, և բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք, որպեսզի ներդրողներ գտնենք, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով և պատրաստակամ են ներդրում անել հայկական մշակույթի զարգացման գործում: Պարոն Բալյանն արձագանքեց, սա նաև իր կնոջ երազանքն է եղել, որպեսզի Հայաստանում մշակութային կյանքում ներդրում ունենան»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Տպավորված լինելով UWC Դիլիջանի և «ՏաԹևեր» ճոպանուղու ծրագրերով՝ բարերարները 2018թ. սկզբին դիմել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ գործակցության տարբերակներ քննարկելու նպատակով:

Մի քանի ձևաչափեր և տարբերակներ դիտարկելուց հետո կողմերը որոշել են միանգամից երկու ծրագրեր իրականացնել. դրանցից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամբողջովին վերանորոգելու, արդիականացնելու և էականորեն ընդլայնելու ծրագիրն է:

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան: Ջոն Դիքրան Բալյանը Երևան է ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Գործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---