Դոյդոյան. Անանուն կամ կեղծանունով ներկայանալու իրավունք ունի ամեն մարդ

Դոյդոյան. Անանուն կամ կեղծանունով ներկայանալու իրավունք ունի ամեն մարդ

PanARMENIAN.Net - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն Շուշան Դոյդոյանը «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք:

«Դա նրա խոսքի ազատության մի կողմից, մյուս կողմից անձնական կյանքի գաղտնիության բաղկացուցիչ մասն է: Սա ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռևս 2013-ին` «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով: Խոսքի ազատության իրավունքը թվային դարաշրջանում իմաստ է ունենում այն պարագայում, եթե մարդը նաև կարող է անանուն, կեղծանվամբ հանդես գալ, անանուն համացանցում ընթերցել այս կամ այն կայքերը և ընդհանրապես համացանցում գտնվել»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

Ըստ Դոյդոյանի, միայն բացասական տեսանկյունից ֆեյքը դիտարկելը շատ սխալ ու վտանգավոր տեղ կարող է տանել ամբողջ հասարակությունը. «Վարչապետի բանավոր հանձնարարականը ԱԱԾ տնօրենին չէր վերաբերում ֆեյքերի դեմ պայքարին,այլ վերաբերում էր ֆեյքերի կողմից մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվության հրապարակմանը»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրենը նշել է, որ երբ եղավ վարչապետի հանձնարարականը, ինքը հիշել է հայ գրողների մեծ մասին, որոնք ժամանակին հանդես են եկել կեղծանուններով. «Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Տերյանը…Բոլորը կեղծանուններ են: Հիմա ի՞նչ, նրանց անվանե՞նք ֆեյք, դատապարտենք, թե ինչու են այս գրողները խուսափել իրական անուններով հանդես գալո՞ւց, ինչո՞ւ Չարենցին չենք հիշում Եղիշե Սողոմոնյան..Այնպես որ սա շատ անիմաստ և ոչինչ չասող պայքարի կվերածվի»:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ, նույնպես ասել էր, որ անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը:

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ:«Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---