Ամենախելացին

Ամենախելացին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջիկայում քննարկելու է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նոր փաթեթ։

Ըստ այդմ, օրինակ, փոքր ու միջին բիզնեսի մասին մտածելու կոչերով իշխանության եկած ուժն այդ փաստաթղթով մի շարք նորարարություններ է առաջարկում։ Դրանցով, օրինակ, պարոն Ծառուկյանի, պարոն Ալեքսանյանի, «Սպայկայի», բոլոր բանկերի, հանքերի ու այլ խոշոր գործարարների վճարվող շահութահարկը 20%-ից դառնալու է 18%, բայց փոքր խանութների ու արտադրողների համար շրջհարկի տոկոսադրույքը մնալու է նույնը,

այդ փաստաթղթով կհամահարթեցվի եկամտային հարկը՝ ինչի շնորհիվ 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ ստացող մոտ 2000 հոգին կստանա մի քանի հարյուր հազար դրամի լրացուցիչ եկամուտ, իսկ մինչև 150 հազար դրամ ստացողի եկամուտը կբարձրանա մի քանի հազար կամ մի քանի հարյուր դրամով միայն,

այդ քաղաքականությամբ կբարձրանան գարեջրի ու օղու, վիսկիի, ռոմի, գինու ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինչն, իհարկե, կանդրադառնա ռեստորաններում միջին խավի փակած հաշիվների ու տոնական առիթներով «փռվող» սեղանների ծախսի վրա,

կբարձրանան բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը հղի է մի քանի երթուղային տաքսիի գծի փակմամբ, իսկ մեքենայատերերի համար նոր ծախսեր է ենթադրում,

ծխախոտի տուփի աննշան, ընդամենը 10-20-դրամանոց թանկացումը կբերի ծխախոտագործների եկամուտների ու բյուջեի գանձումների աճին, կհարվածի ծխողների գրպանին, սակայն էապես չի ազդի նրանց քանակի վրա:

Ծրագրված մեկ այլ որոշմամբ՝ որևէ սուպերմարկետում գործող ու ցանցը տնօրինող գործարարին պատկանող տարադրամի ու փոխանակման կետն ու, օրինակ, պայմանական Սևան քաղաքում գտնվող փոխանակման կետը վճարելու են նույն տուրքը, որն, ի դեպ, կբարձրանա 50 հազարից մինչև 3 մլն դրամ։

Այս ամենը չի քննարկվում։ «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն փոխարենը «մեյդան» են բերել ու ինքնամոռաց հարվածում են իրար հայտնի թեմայի շրջանակներում։

Այժմ հռետորական մի հարց՝ ո՞վ է վերջին օրերի ամենախելացին՝ «Իմ Քա՞յլը», ԲՀԿ-ն, հայտնի ելույթի հեղինակնե՞րը, թե՞ այս ամենի շուրջ իրար գլխի աթոռներ ջարդել պատրաստ, բայց սեփական գրպանի հարցն անտեսած պայմանական հավաքական ժողովուրդը։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---