9 ապրիլի 2019 - 14:53 AMT
Իվետա Տոնոյան. Զոհրաբյանը մանսագիտական բոլոր անհրաժեշտ որակներն ունի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ունի մանսագիտական բոլոր անհրաժեշտ որակները, որ իրականացնի կանոնակարգով իրեն վերապահված գործառույթները:

Նա նշել է, որ ծանոթ են վարչապետի հայտարարությանը, բայց կարծում են, որ Փաշինյանը կա՛մ թյուրըմբռնել է ինֆորմացիան, կա՛մ ամբողջապես չի տիրապետում դրան, հայտնում է Yerkir.am-ը:

«Այդ անձնավորությանը Զոհրաբյանը հրավեր չի ուղարկել ու Հայաստան վերադառնալուն պես ավելի առարկայական կներկայացնի բոլոր ապացույցները: Իսկ այն փաստաթուղթը, որ մատնացույց արեց նաև վարչապետը, ընդամենը անվտանգության աշխատակիցների համար իջեցված փաստաթուղթն է»,- կրկնել է պատգամավորը:

Դառնալով տրանսգենդեր կնոջ ելույթին` Տոնոյանն ասել է` հարցի վերաբերյալ իրենց տեսակետը հետևյալն է. «ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգը պահպանող կառույց է»:

Ավելի վաղ Նորագավիթի մաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ԲՀԿ-ն քաղաքական պրովոկացիա է անում, ու պետք է մտածի` մարդու իրավունքների հանձնաժողովի նրանց ներկայացրած թեկնածուն արդյո՞ք համապատասխանում է անհրաժեշտ նվազագույն պայմաններին: