ՀՀ-ն կին խաղաղապահների թիվը կավելացնի

ՀՀ-ն կին խաղաղապահների թիվը կավելացնի

PanARMENIAN.Net - Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․ Կանայք խաղաղապահությունում» թեմայով հանդիպմանը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են մոտ 70 անդամ-երկրների պատվիրակություններ, զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Գլխավոր քարտուղարն անդրադարձել է խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավվածության մեծացմանը և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին։

Իր ելույթում Մհեր Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է կանանց ներկայացվածության խթանումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Նշելով, որ խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ընդլայնումը Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բափեփոխումների առաջնահերթություններից է՝ նա ներկայացրել է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը, հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Անդրադառնալով 2000-ին ընդունված Կանանց, անվտանգության և խաղաղության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևին՝ դեսպան Մարգարյանը հիշատակել է բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագիրը, որը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է փետրվարին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում հասարակական կազմակերպությունների ու կանանց գլխավորությամբ նախաձեռնությունների ներգրավվածությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---