1 սեպտեմբերի 2008 - 20:35 AMT
ՀՀ ԱԳՆ. Եթե Աբդուլլահ Գյուլը ժամանի Երեւան, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն հարցերի լայն շրջանակ
Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանի Հայաստան, ապա բնական է, որ ֆուտբոլի խաղը դիտելու ժամանակ, դրանից առաջ կամ հետո, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները կզրուցեն, եւ բնական է, որ այդ զրույցի ժամանակ նախագահները կարող են անդրադառնալ նաեւ միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի: Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Երեւանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները եւ ՀՀ դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ: Հանդիպման սկզբին նախարար Նալբանդյանն ասաց, որ սեպտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք արտերկրում ՀՀ դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով Երեւանում են գտնվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ արտգործնախարարությունը մեծապես կարեւորում է կադրերի պատրաստումը եւ այդ առումով հարկավոր է մշտական կապ հաստատել տարբեր ԲՈւՀ-երի եւ հատկապես Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ, որպեսզի ապագա դիվանագետները պատրաստվեն ուսանողական նստարանից: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ ապագայում հիմնվելու է դիվանագիտական դպրոց, որտեղ ԲՈւՀ-ն ավարտած երիտասարդները կպատրաստվեն դիվանագետի որակավորում ստանալու համար` հետագայում ԱԳՆ-ում աշխատելու հեռանկարով: