Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մասին. ԼՂ հարցի հատվածը շատ լավն էր

Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մասին. ԼՂ հարցի հատվածը շատ լավն էր

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածը «շատ լավն էր»:

Անդրադառնալով որոշ ՀՀԿ-ականների այն պնդումներին, թե վարչապետի ելույթի ժամանակ դահլիճը կիսադատարկ էր, և դա իբրև թե վկայում էր Փաշինյանի նկատմամբ հետաքրքրության պակասի մասին, Մարուքյանն ասել է, որ դահլիճում մարդկանց քանակը նույնն էր, ինչ նախկինում էր՝ այլ ղեկավարների ելույթների ժամանակ:

«Փաշինյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ի դերը իր քաղաքական կարիերայում: Հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որն ունի ԵԽԽՎ-ն որպես կառույց, Փաշինյանը կարևոր ուղերձ է հղել, որ այդ կառույցի շնորհիվ քաղաքական գործիչը չի կալանավորվել ու ազատ է արձակվել: Սա կարևոր ուղերձ էր այն մասին, որ որքան էլ ԵԽԽՎ-ն որոշ հարցերում անարդյունավետ լինի, շատ այլ հարցերում՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով միակ հույսն է հետխորհրդային երկրներում», - ասել է Մարուքյանը:

Նա ընդգծել է նաև, որ շատ լավն էր ելույթի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածը , ինչպես նաև հարցուպատասխանի մասը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելութ է ունեցել ԵԽԽՎ-ում: Նա պատմել է, որ 1999-ին դատախազը պահանջել էր դատապարտել իրեն 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել:

«Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, և դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի: Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, և այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար», - ասել էր Փաշինյանը:

Նա նշել է, որ Մարտի 1-ին կանալավորվելուց հետո՝ 2011 թվականի ձմռանը բանտում իրեն է այցելել ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, և դա «շատ կարևոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի և իր խնդրի վրա միջազգային ուշադրություն սևեռելու առումով»:

«Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով` հասկանալով, որ Եվրոպայի խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ», - ԵԽԽՎ իր ելույթում ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---