Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա հասցեն

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա հասցեն

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածվել՝ նշելով, որ նրա գտնվելու վայրն ու հասցեն միշտ հայտնի են եղել իրավապահ մարմիններին և հրապարակել են նրա հասցեն:

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Միհրան Պողոսյանի գրասենյակը նաև կոչ է անում պատկան մարմիններին «անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ»՝ նշելով որ նրանց «առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»:

Ավելի վաղ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է, թե որտեղ է գտնվում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:Նա մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---