3 սեպտեմբերի 2008 - 14:18 AMT
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Նախօրեին Վրաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանորդ Անդրեյ Սմագային նոտա է հանձնել, որով տեղեկացվում է, որ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ խզվում են: Ըստ ռուս դիվանագետի, «չորեքշաբթվանից Վրաստանում ՌԴ դեսպանատունը կդադարի գործել որպես դեսպանություն»: Սմագան նշել է, որ այն հարցերը, թե դիվանագետներն ու նրանց ընտանիքները երբ եւ ինչպես կլքեն Վրաստանը, ինչպես նաեւ գույքային եւ տնտեսական հարցերը առաջիկայում կքննարկվեն իրավաբանների կողմից:

Վրաստանի խորհրդարանի որոշման հիման վրա դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին օգոստոսի 29-ին հայտարարել էր Վրաստանի ԱԳՆ փոխղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ կպահպանվեն հյուպատոսական հարաբերություններ:

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո Մոսկվայում կշարունակեն աշխատել երեք վրացի դիվանագետներ` հյուպատոսն ու երկու փոխհյուպատոսները: Թե ինչ ձեւաչափով կաշխատեն ռուս դիվանագետները Թբիլիսիում, դեռեւս չի հաղորդվում: Վրաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ռուս դիվանագետներին մեկնումին պատրաստվելու համար «տրամաբանական ժամկետ» կհատկացվի: Թբիլիսիում ակնկալում են նմանատիպ վերաբերմունք իր դիվանագետների հանդեպ Մոսկվայից:

Վրաստանը որոշեց խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո, որոնք վրաց խորհրդարանը հայտարարել է գրավյալ տարածքներ: Վրաստանի շահերը ՌԴ-ում կներկայացնի մի երրորդ երկրի դեսպանատուն, որը դեռեւս ընտրված չէ, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Վրաստանում ՌԴ հյուպատոսական բաժինը դադարեցնում է աշխատանքը մինչ հատուկ հրահանգը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերանայել երկու երկրների փոխադարձ այցելությունների կարգը: «Խզելով դիվանագիտական հարաբերությունները եւ նույնը թողնելով քաղաքացիների փոխդարձ այցելությունների կարգը, կարծես ոչինչ չի պատահել, դժվար թե նորմալ ընկալվի»:

Նախարարը հայտարարել է, որ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Վրաստանի նոտան, որոշելու համար հյուպատոսական համագործակցության ծավալների հարցը: Նա նշել է, որ «եթե խոսքը գնում է քաղաքացիական վիճակի ակտերի գրանցման, փաստաթղթերի օրինականացման մասին, ապա, հավանաբար, այդ գործառույթը կարելի է պահպանել»: