3 սեպտեմբերի 2008 - 18:34 AMT
Հայաստանը պատրաստ է քննարկել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման թուրքական նախաձեռնությունը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Ունալ Չեւիքյոզի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երեւան նախատեսվող այցին: Դրական համարելով հարեւան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը Հայաստան` ՀՀ նախագահն ասել է, որ այն հնարավորություն է տալիս խոսել երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի խոսքով, Կովկասում տեղի ունեցող եւ ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում եւ լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարեւոր խնդիր է նախաձեռնել, Հայաստանի նախագահն ասել է, որ ինքը պատրաստ է քննարկել ցանկացած նման խնդիր:

«Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, համագործակցության եւ անվտանգության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը»,- ընդգծել է ՀՀ նախագահը եւ կովկասյան պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել իր նկատառումները: