Վարչապետի հայտարարության առնչությամբ Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ հավաք է եղել

Վարչապետի հայտարարության առնչությամբ Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ հավաք է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ապրիլի 19-ին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:

Ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, օրակարգում ՀՀ կառավարության ապրիլի 18-ին նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկներում տիրող ապօրինությունների վերաբերյալ հնչեցված մտահոգությունների և տրված հանձնարարականների պատշաճ կատարման հարցերի քննարկումն էր:

Մխոյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել երկրի ղեկավարի կողմից քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ հնչեցված մտահոգությունների վրա և հայտարարել է, որ օգտագործելու է քրեակատարողական ծառայության ամբողջ իրավա-կազմակերպչական գործիքակազմը՝ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ապօրինություններ թույլ տված բոլոր ծառայողներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:

Ծառայությանը պետը հավաստիացրել է, որ վարչապետի կողմից հնչեցված հանձնարարականներն իրականացնելու է անհապաղ և անձամբ՝ բացառելու հասարակության մեջ արմատացած օրինապահ և բարեկիրթ քաղաքացու կերպարի նկատմամբ քրեակատարողական ծառայողների հոգեբանության և փիլիսոփայության անհամարժեք ցանկացած դրսևորում:

Նա հանձնարարել է սեղմ ժամկետում ձևավորել օպերատիվ խմբեր և պատրաստ լինել օրվա ցանկացած ժամի անակնկալ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ՝ իրականացնելու իրավիճակից բխող ցանկացած գործողություն:

Քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարվել է նաև անձնական պատասխանատվությամբ հսկել անազատության մեջ պահվող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված չափաքանակներով սննդի տրամադրման և ճաշատեսակների բազմազանության ապահովման գործառույթները, արգելված իրերի ներթափանցման դեպքերն իսպառ բացառելու նպատակով անձամբ մասնակցել չնախատեսված խուզարկություններին և այլ ստուգողական գործողությունների, ընդլայնել դրանց իրականացման ժամանակահատվածն ու շրջանակը, բացառել առանց խուզարկելու հանձնուքներ ընդունելու կամ օրենսդրությամբ սահմանված շրջանակներից դուրս որևէ անձի ցանկացած դրսևորմամբ որևէ արտոնություն տրամադրելու դեպքերը:

Մխոյանը նշել է, որ ցանկացած առարկայական շեղում առիթ է դառնալու անհապաղ ծառայողական քննությունների վարույթ հարուցելու, իսկ խախտումները թույլ տված ծառայողների արարքներում առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակելու դեպքերում դրանք՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

Ավելի վաղ ՀՀ վարչապետն ասել է, որ Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում։

«Այսօր բազմաթիվ հանցագործություններ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից՝ հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ», - ընդգծել է վարչապետը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---