Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն նախքան նախագահական ընտրությունները կցանկանա եւս մեկ անգամ ցույց տալ իր ուժը

PanARMENIAN.Net - Վրացա-օսական հակամարտության մեջ գործադրվել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի (ԿԻ) կազմակերպած «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի քննարկման ընթացքում հայտնել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեկարյանը: «Ռուսաստանը պետք է հետ պահեր Վրաստանին ՆԱՏՕ մտնելուց: ԱՄՆ-ն ավելի բարդ խնդիրներ ուներ իր առջեւ ծառացած, դրանք թելադրված էին նախագահական նախընտրական քարոզարշավով: Ինչպես դուք գիտեք, Ջոն Մակքեյնի վարկանիշն ավելի ցածր էր, քան Օբամայինը, եւ հանրապետականները պետք է մի բան անեին, որպեսզի բարձրացնեին այդ վարկանիշը: Ինչն էլ նրանք արեցին Սահակաշվիլիի ձեռքով: Բայց եւ այնպես, դա «նեոպահպանողականների» կարճաժամկետ շահն է: Ավելի լուրջ են երեւում ԱՄՆ-ՌԴ եւ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերությունները, որոնք լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն մինչեւ նախագահական ընտրությունները կցանկանա եւս մեկ անգամ ցույց տալ իր ուժը»,- ասել է Բեկարյանը:



Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա, հայ փորձագետի կարծիքով, դեռ շատ մեծ հարց է, թե ինչն է Թուրքիայի համար ավելի կարեւոր` Վրաստան` ՆԱՏՕ-ի անդա՞մը, թե՞ Վրաստան` հնազանդ դաշնակիցը:



Խոսելով ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին, Բեկարյանը նշեց, որ Կոսովոյի կամ Հարավային

Օսիայի անկախությունը այլ մակարդակի վրա է, եւ այդ հակամարտությունները միմյանց հետ չի կարելի կապել: «Հայաստանը տվյալ դեպքում մի քանի ճանապարհ ունի: Նա կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Կարող է անկախության ճանաչումից հետո Մեծ համաձայանագիր ստորագրել: Ինչպես նաեւ կարող է համաձայնագիր լինել առանց ճանաչման փաստի: Բայց եւ այնպես, ես կարծում եմ, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո պետք է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակել առավել մեծ ինտենսիվությամբ: Պարզապես պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահները տարբեր նպատակներ են հետապնդում: Նույնը վերաբերում է նաեւ Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիային»,- նշել է Բեկարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---