Արարատ Միրզոյանը մանրամասներ է պատմել Սարգսյանի հրաժարականին նախորդած բանակցություններից

Արարատ Միրզոյանը մանրամասներ է պատմել Սարգսյանի հրաժարականին նախորդած բանակցություններից

PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը որոշ մանրամասներ է հայտնել 2018-ի ապրիլի 22-ին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից, որոնք ընթացել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ: Այդ մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Էրեբունիում Ձերբակալվածների պահման վայրում իր գտնվելու ընթացքին։

«Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես...Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։

Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում։

Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք»,-ասվում է գրառման մեջ։

Միրզոյանը հիշում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո իրեն մի ռադիոընդունիչ են բերել, որից վերջապես տեղեկություն է ստացել, թե ինչ է կատարվում դրսում։

«Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։

- Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։

- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։

- Դե գնանք բոլորով միասին խոսենք։

Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։

Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։

Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։

Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։

- Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։

Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։ Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»,-ասվում է Միրզոյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---