ՀՀ նախագահ. Այսօր կարելի է որոշակի փոփոխությունների հասնել հայ-թուրքական հարաբերություններում

PanARMENIAN.Net - «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել, որի համար սահմանի երկու կողմերում անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք եւ հետեւողականություն: Դա լինելու է մեր երկու պետությունների քաղաքական հասունության փորձաքարը»,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ:



«Ես Թուրքիայի նախագահին հրավիրել եմ Հայաստան` համոզված լինելով, որ ուղղակի շփումները հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն է: Իհարկե, հրավերս ունի քաղաքական ակնկալիքների համատեքստ: Չմոռանալով անցյալը` մենք պետք է նայենք դեպի ապագա, ձեւավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ եւ սկսենք շփումներ առանց նախապայմանների: Երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը»,-հայտարարել է Ս.Սարգսյանը:



«Ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ ներգրավումը` արտերկրում եւ միջազգային ատյաններում մեր գործընկերներին Գյումրի-Ղարս երկաթգծի ողջ կարեւորությունը բացատրելու գործում: Զինվեք քարտեզներով, վիճակագրական տվյալներով, փաստարկներով. մենք պետք է հասնենք նրան, որ բոլորը գիտակցեն, որ երկաթգծի այս մի քանի կիլոմետրերը սկզբունքորեն փոխում են տարածաշրջանի փոխգործակցության ողջ պատկերը: Մենք շատ համախոհներ ունենք այս հարցում, համագործակցե՛ք հասարակական հատվածի հետ, համոզված եմ` տարածաշրջանի բոլոր երկրների շատ ու շատ հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ այս գործի բնական դաշնակիցներ ու ակտիվիստներ են»,-ասել է ՀՀ նախագահը:



Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը համատեղ դիտելու նպատակով: Ինչպես հաղորդել է նախօրեին Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը, Ադբուլլահ Գյուլն ընդունել է հրավերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---