ԲՀԿ-ականները չեն մասնակցի ցեմենտի նախագծի շուրջ քննարկումներին

ԲՀԿ-ականները չեն մասնակցի ցեմենտի նախագծի շուրջ քննարկումներին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ցեմենտի նախագծի շուրջ քննարկումներին: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, հայտնում է «Առավոտը»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 25-ին որոշում է կայացրել` հանձնաժողով ստեղծել ցեմենտի արտադրության և ներկրման շուկային առնչվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման հետ կապված աշխատանքային խմբի ձևավորման հարցով: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները ձեռնպահ են քվեարկել:

Միքայել Մելքումյանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ` պատասխանելով ԱԺ լիագումար նիստում և մամուլում հնչող տեսակետներին, որ այդ հարցում շահերի բախում կա, և Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավարի բիզնես շահն են պաշտպանում:

Միքայել Մելքումյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է այդ քննարկումներին`«հաշվի առնելով «Արարատցեմենտ» գործարանի կոլեկտիվի նկատմամբ սոցիալական և պետական պատասխանատվությունը» և հավելել. «Ինչ էլ որ որոշվի, մենք համաձայն ենք: Որոշման պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլի»`մեծամասնության վրա: Մենք այդ հարցի քննարկումներին այլևս չենք մասնակցելու»:

Այս հայտարարությունից հետո Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները լքել են նիստերի դահլիճը: Հանձնաժողովի անդամները հետո վերադարձել են: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ իրենք ինչ անում են`գիտակցում են պատասխանատվությունը և պատրաստ են այն կրել:

Բաբկեն Թունյանն մինչ այդ ներողություն էր խնդրել ԱԺ ճեպազրույցներում իր թույլ տված վրիպակի համար: Նա հստակեցրեց`արտոնություն տրվել է ոչ թե «Արարատցեմենտին», այլ «Հրազդան ցեմենտին»: Հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 30-ին էլ խորհրդարանական լսումներ կանցկացվեն`Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման համար:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու:

Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, դեմ քվեարկողներից էր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---