4 սեպտեմբերի 2008 - 19:10 AMT
ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հերթական նստաշրջանին մասնակցելու համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը կստանձնի Կազմակերպության նախագահությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում:ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպա֊նու֊թյան նախարար Սեյրան Օհանյանը, ՌԴ -ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում նեղ շրջանակով մտքեր կփոխանակեն ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումների, հավաքական անվտանգության նկատմամբ առաջացած վտանգների եւ դրանց չեզոքացման միջոցների մասին, ինչպես նաեւ կանդրադառնան ՀԱՊԿ Խորհրդի նախորդ նստաշրջանների ընդունած որոշումների կատարման ընթացքին: Նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ ՀԱՊԿ-ի գործունեության առաջնային ուղղությունները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության նորմատիվային-իրավական բազան:

Նույն օրը ուշ երեկոյան Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: