5 սեպտեմբերի 2008 - 14:44 AMT
Յուրի Ձիցոյտի. Եթե ԱՄՆ-ն ջուրը չպղտորեր, ապա ԵՄ շատ երկրներ կճանաչեին Հարավային Օսեթիան
Հարավային Օսեթիայի խորհրդարանը համոզված է, որ վաղ թե ուշ կլինի Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումների կասկադ: «Կա հստակ տեղեկատվություն, որ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման կասկադ վաղ թե ուշ կլինի»,-հայտարարել է Հարավային Օսեթիայի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտին` մեկնաբանելով Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը մտադիր է ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է Հարավային Օսեթիայի Տեղեկատվության եւ մամուլի պետական կոմիտեն:

Փոխխոսնակը նշել է, որ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու Նիկարագուայի մտադրության մասին իրեն վաղուց էր հայտնի: «Դժվար է ասել, թե ինչու մեզ ճանաչած երկրորդ երկիրը Նիկարագուան եղավ: Գուցե, Դանիել Օրտեգան հիշեց իր մարտական անցյալը, իր սեփական պայքարը անկախության համար, սակայն այն, որ Նիկարագուան ճանաչելու է Հարավային Օսեթիան մենք վաղուց գիտեինք: Կլինեն նաեւ այլ ճանաչումներ, այդ թվում շատ անսպասելի, այդ թվում եվրոպական երկրների թվում` դա հաստատ է»,-ասել է Յուրի Ձիցոյտին:

Նա նշել է, որ «եթե, կոպիտ ասած, ԱՄՆ-ն ջուրը չպղտորեր, ապա ԵՄ շատ երկրներ կճանաչեին Հարավային Օսեթիան: Դա կանեին նույն Ֆրանսիան, Գերմանիան կամ Իտալիան, եթե ճնշում չլիներ ԱՄՆ-ի կողմից»: «Աշխարհում նշմարում է նույնիսկ ոչ երկբեւեռ աշխարհակարգ: Հավանաբար կլինեն չորս խոշոր ուժեր»,-ասել է փոխխոսնակը: Նրա կարծիքով, համաշխարհային ասպարեզում գլխավոր խաղացողներ կդառնան ԱՄՆ-ն, Ռուսաստանը, միավորված Եվրոպան ու Չինաստանը: Ընդ որում Չինաստանը վարում է իր, ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Եվրամիությունից անկախ աշխարհաքաղաքականություն եւ դժվար է ասել, կգնա Չինաստանը Հարավային Օսեթիայի ճանաչմանը թե ոչ: «Ես գտնում եմ, որ եթե չգնա, ապա միայն այն պատճառով, որ նա խնդիրներ ունի Թիբեթի եւ Թայվանի հետ»,-ասել է Ձիցոյտին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը հակադրվող այլ երկրներին, ապա, ըստ փոխխոսնակի, պետք է գտնել այնպիսի երկրներ, որոնք չունեն նման խդնիրներ: Ձիցոյտին գտնում է, որ, օրինակ, Իրանը կարող է հանգիստ ճանաչել Հարավային Օսեթիան, նույնիսկ հաշվի առնելով իրանական Քրդստանի խնդիրը: Ճանաչում կարելի է ակնկալել նաեւ Մոնղոլիայից, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներից:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այն երկրները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի կոշտ ճնշման տակ, երբեք չեն ճանաչի Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի անկախությունը: Օրինակ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, որոշ չափով Գերմանիան, այնուամենայնիվ ջանում են լիովին չենթարկվել ԱՄՆ-ի ազդեցությանը: Իսկ Բուլղարիան, Սլովակիան կամ Չեխիան ընդհանրապես կախված չեն Ամերիկայից:

Հիշեցնենք, որ Նիկարագուան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, այդպիսով դառնալով Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը, որ ճանաչել է նրանց անկախությունը: Բացի այդ, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը օգոստոսի 30-ին հայտարարել է, թե աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու ՌԴ որոշմանը: Այնուամենայնիվ, Կարակասից դեռեւս պաշտոնական ճանաչման մասին հաղորդագրություն չի ստացվել: