«ՔՈ»-ն դիմել է ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով

«ՔՈ»-ն դիմել է ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով

PanARMENIAN.Net - «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով:

«Սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Այս մասին հայտնում են ՔՈ կուսակցության մամուլի ծառայությունից», - նշվում է հայտարարության մեջ:

Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է նրա ղեկավարած խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ «չկա որևէ մեկը, որ կարող է ապացուցել՝ Ծառուկյանը անհատ ձեռներեց է»։

«Նա ձեռներեց չէ, սեփականատեր է։ Սա հրապարակային հայտարարել է նաև վարչապետը։ Ես չգիտեմ այդպիսի դիմումի առկայության մասին, ամեն դեպքում ցանկացած դիմումատու պարտավոր է պահպանել բարեխղճության սկզբունքը, և եթե հանկարծ պարզվի, որ իր դիմումում նշված հանգամանքներն ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը, ապա նման դիմումատուներին սպառնում է քրեական օրենսգիրքը՝ ակնհայտ սուտ մատնություն կատարելու մասին»,- ասել է նա:

Ավելի ուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան հաշիվն անհետացել է, իսկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատգամավորն ասել է, որ «ինչ-որ լակոտներ» ջնջել են ֆեյսբուքյան իր հաշիվը:

ՀՀ սահմանադրությունն արգելում է ՀՀ ԱԺ պատագամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---