ՀԱՕԿ-ը պարզաբանում է Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակը

ՀԱՕԿ-ը պարզաբանում է Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀԱՕԿ-ը պարզաբանում է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ:

Նշվում է, որ մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, որ կտրվել է ճոպանուղու ճոպանը և ներկայացրել է հաշիվ-ապրանքագիր` նոր ճոպան ձեռք բերելու համար: Հետագայում, ճոպանը փոխելուց հետո պարզվել է, որ այն ոչ թե կտրված է եղել, այլ թեթևակի վնասված, որը չէր կարող որևէ սպառնալիք հանդիսանալ ճոպանուղու շահագործման անվտանգության համար: «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենի անհիմն գործողությունների պատճառով, նոր ճոպանի ձեռքբերման համար ՀԱՕԿ-ը կրել է մոտ 117. 500 եվրոյի վնաս:

Նշվում է նաև, որ ընկերության գլխավոր տնօրենի վարքագիծը հիմք է հանդիսացել վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու համար և ՀԱՕԿ-ի կողմից Ընկերության գործունեության նկատմամբ հսկողությունը խստացվել է: Արդեն 2017թ. օգոստոսին, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկությամբ հրավիրվել է «Լեռնատուր» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով՝ Ընկերության գլխավոր տնօրենին պաշտոնից ազատելու օրակարգով: Ժողովի 18.08.2017թ. N 17/01-Ա որոշմամբ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենն ազատվել է պաշտոնից: Նույն որոշմամբ գլխավոր տնօրեն նշանակվել է նոր անձ: Նոր տնօրենի պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ Ընկերության եկամուտներն անհամեմատ ավելին են, քան եղել են նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում, ինչն ակնհայտ է եղել:

«Լեռնատուր» ՍՊԸ գործունեության 2017թ. տարեկան արդյունքներն ամփոփելուց հետո, հաշվի առնելով, որ նոր գլխավոր տնօրենի կառավարման ժամանակահատվածում լեռնադահուկային սեզոնն ընդգրկել է միայն 2017-2018թ. ձմեռային սեզոնը, ՀԱՕԿ-ը եկել է այն եզրահանգման, որ 2018-2019թթ. ձմեռային սեզոնի ժամանակ պետք է իրականացվի ներքին մշտադիտարկում, որից հետո դիմել է աուդիտորական կազմակերպությանը՝ կատարելու ուսումնասիրություններ և ստուգումներ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացակարգերի վերաբերյալ: Այդ նպատակով ՀԱՕԿ-ի և լիցենզավորված աուդիտորական կազմակերպության միջև 14.02.2019թ. կնքվել է Համաձայնեցված ընթացակարգերի վերաբերյալ N Ս-02-19 պայմանագիր:

«Աուդիտորական կազմակերպության կողմից արձանագրվել են անհամապատասխանություններ հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ-ի 2009-2016թթ. ֆինանսական հաշվետվությունների բացակայության, ինչպես նաև 2009-2016թթ. և 2017-2018թթ. եկամուտների անհամաչափության հետ կապված, և առաջարկություններ են ներկայացվել ՀԱՕԿ-ին՝ ձեռնարկել գործողություններ իրավունքների պաշտպանության և հնարավոր պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀԱՕԿ-ը Հավատարմագրային կառավարման պայմանագրով հիմնադիր լինելուց բացի, որը պետք է ստանար ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, հանդիսանում է նաև Լեռնատուր ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը (որը իրավունք է վերապահում ՀԱՕԿ-ին ստանալ «Լեռնատուր» ՍՊԸ-ից շահաբաժին, այսինքն ՀԱՕԿ-ը իրավունք ունի ստանալու ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 75 տոկոսը), ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն պատճառված հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման համար»,-ասվում է ՀԱՕԿ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման հարկերը չեն վճարվել, պետությանը մոտ 476 մլն դրամի վնաս է հասցվել, քրգործ է հարուցվել:Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---