30 ապրիլի 2019 - 13:47 AMT
Կալիֆորնիայում նախկին զինվորականն ահաբեկչություն էր ծրագրում՝ որպես «վրեժ» Նոր Զելանդիայում հարձակման համար

Կալիֆորնիայում ոստիկանությունը ձերբակալել է նախկին զինվորական Մարկ Դոմինգոյին, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Լոնգ Բիչում կայանալիք ցույցի ժամանակ:

26-ամյա Դոմինգոն ձերբակալվել է ապրիլի 26-ին, ռումբը գնելիս՝ ռումբը վաճառած մարդը գործակալ էր: Ահաբեկչությունը նախատեսված էր իրականացնել ապրիլի 27-28-ի հանգստյան օրերին, գրում է Meduza-ն The Los Angeles Times-ի վրա հղումով:

Ինչպես նշվում է գործի նյութերում, Դոմինգոն ցանկանում էր «նահատակ» դառնալ և առցանց չաթերում խոսում էր Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման համար «վրեժի» անհրաժեշտության մասին:

Սկզբից ահաբեկիչը մտադիր է եղել կրակ բացել ամբոխի ուղղությամբ ինքնաձիգից, սակայն, հետո որոշել է ռումբ պայթեցնել:

Նոր Զելանդիայում կրակոցների հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել է: Հարձակմանն առնչության կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, սակայն այժմ միակ մեղադրյալը 28-ամյա ավստրալացի Բրենտոն Տարանտն է: