Փաշինյան. ԵՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի և նավթի ընդհանուր շուկաների ստեղծումը

Փաշինյան. ԵՏՄ  կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի և նավթի ընդհանուր շուկաների ստեղծումը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) մասնակցությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ հայկական կողմը ձգտում է ԵՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։

«Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնում է, բայց և միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի»,-ասել է նա։

«Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են մեր Միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես արդյունք` մենք Միությանն անդամակցությունը դիտարկում ենք որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018-ին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։

Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է նաև, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է:

«Ինտեգրացիայի այլ առաջնահերթությունների շարքում կցանկանայի նշել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճը և կայունությունը և այս շուկայում մրցակցության զարգացումը: Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը:Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը»,-ասել է նա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետն ընդգծել է Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը, որը կնպաստի անդամ երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար:

«Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները: Կարծում ենք` անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրագործման դեպքում բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային չափանիշները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը: Մենք չափազանց կարևոր ենք համարում միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ և տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում»,-ասել է Փաշինյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանին և ԵՏՄ անդամ երկրների վարչապետներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---