Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի «Երիտասարդների զարգացում 2019» ծրագիրը մեկնարկել է

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի «Երիտասարդների զարգացում 2019» ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում 2019» նախագծի մեկնարկը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա ծրագիրը միտված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի և բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով:

Այս տարի ծրագիրը մեկնարկել է ավելի քան 200 մասնակցի համար կազմակերպված բաց դասով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Գեմաֆին Գասպարյանը և Արման Ուդումյանը, ծրագրի գործընկերներն ու մենթորները:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Երիտասարդների զարգացում 2018-ի» արդյունքները, ներկայացվել են մասնակիցների և մենթորների հաջողության պատմությունները, քննարկվել են Հայաստանի աշխատանքային շուկայում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները, հասանելի կրթական ծրագրերը, պահանջված մասնագիտացումներն ու հմտությունները:

«Երիտասարդների զարգացում» ծրագիրն իրականացնում ենք արդեն մեկ տարի շարունակ և շատ ուրախ էինք տեսնել, թե մասնակիցների, թե փորձառու մենթորների ակտիվությունը և հատկապես այն ոգևորությունը, որով ծրագիրն ընդունվեց հասարակության կողմից: Խոշոր գործատու լինելով՝ բավական լավ պատկերացում ունենք անձնային և մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են աշխատանք գտնելու համար: «Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը նախաձեռնել է տարբեր երկրներում և ոլոտներում գործող ընկերությունների փորձը հաշվի առնելով: Վստահ ենք, որ ծրագրի ընթացքում ձեռք բերվող հմտությունները սատարում են երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու և իրենց մասնագիտական ներուժը դրսևորելու հարցում և ուրախ ենք ամփոփել ծրագրի առաջին դրական արդյունքները», - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

2018-ին «Երիտասարդների զարգացում» ծրագրին մասնակցել է Երևանում և մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ՝ ձեռք բերելով ինքնազարգացման ու ինքնագնահատման հմտություններ, նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի, բիզնես պլանավորման, ինչպես նաև ֆինանսական գրագիտության հմտություններ: Այս տարի նախատեսվում է ներգրավել ևս 2500 մասնակից, իսկ մինչև 2020-ը՝ կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:

Ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն այս տարի իրականացնում և համակարգում է ծրագրի գործընկեր «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը, որը տեղակայված է Հայաստանում, Լիբանանում ու Կիպրոսում և գործունեություն է ծավալում աշխարհի 25 երկրում:

«Lինելով միջազգային բիզնես խորհրդատվական և վերապատրաստման ընկերություն, մենք կարևորում ենք երիտասարադների հմտությունների շարունակական զարգացումը և ուրախ ենք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համատեղ իրականացնել այս ծրագիրը, որի արդյունքում միայն ընթացիկ տարում աշխատաշուկային կտանք 2500 կոմպետենտ տաղանդներ: Այս ծրագիրը հատկանշական է մասնավորապես նրանով, որ սահմանամերձ շրջանների երիտասարդները ևս ներառված են ծրագրում: Մենք և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հավատում ենք նման կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, որոնք նպաստում են այն միջավայրի բարելավմանը, որտեղ մենք ապրում և աշխատում ենք», - նշել է «Մենեջմենթ Միքսի» հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյանը:

Այս տարվա ընթացքում կազմակերպվող «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացների համար մասնակիցների և մենթորների գրանցումն արդեն սկսված է:

Ցանկացողները կարող են հերթագրվել՝ առցանց լրացնելով էլեկտրոնային հայտերը՝ այստեղ և այստեղ:

«Երիտասարդների զարգացում» ծրագրի՝ «Կյանքի հմտություններ» մոդուլի շրջանակում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: «Բիզնես հմտություններ» մոդուլի մասնակիցները սովորում են ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---